Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Բալկանյան մոդելը» և Պենտագոնի դերն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ

«Բալկանյան մոդելը» և Պենտագոնի դերն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ
25.08.2009 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԻՑ
Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի ընդարձակման հիմնախնդիրն ունի երեք ուղղություն։ Դրանք են` առաքելության, այսինքն` նպատակների ու խնդիրների ընդլայնումը, ՆԱՏՕ-ի «պատասխանատվության գոտու» ընդարձակումը և դաշինքի կազմի ընդլայնումը նոր պետությունների ընդգրկման ճանապարհով։ Բոլոր երեք ուղղություններն էլ ունեն կազմակերպական, իրավական ու քաղաքական բարդություններ, որոնք պայմանավորված են ՆԱՏՕ-ի հիմնարար փաստաթղթերով։
Բիլ Քլինթոնի վարչակազմն ԱՄՆ-ում փորձում էր իրականացնել ՆԱՏՕ-ի ընդլայնման «ցուցադրական» կենտրոնամետ կուրս բոլոր ուղղություններով։ Այդ դիրքորոշումը թույլ տվեց Բիլ Քլինթոնին և Մադլեն Օլբրայթին չեզոքացնելու ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության և տարբեր քաղաքական ու լոբբիստական խմբերի փաստարկները, թե վարչակազմի արտաքին քաղաքական կուրսն «ագրեսիվ» է և «արմատական»։ Միևնույն ժամանակ Քլինթոնի վարչակազմն ուներ բացարձակ ճշգրիտ մտադրություններ բոլոր ուղղություններով ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ, թեպետ, դրանով հանդերձ, Մադլեն Օլբրայթը հայտարարում էր, որ չի խոսվում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտու տարածքային ընդլայնման մասին և իրենց մտադրությունները վերաբերում են միայն դաշնակիցների շահերի պաշտպանությանը` նկատի ունենալով Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջաններ։ Սակայն հենց Քլինթոնի վարչակազմի օրոք տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ընդլայնումը` Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան դաշինքի կազմում ընդգրկելով, ու միաժամանակ օրակարգային դարձավ հետագա ընդլայնման հարցը։ Այդքանով հանդերձ, ամերիկյան վարչակազմը սպեկուլյացիա էր անում, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը կուղեկցվի Ռուսաստանի հետ խորհրդատվություններով ու համագործակցությամբ։
Ջորջ Բուշի քաղաքականությունն ուղղված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հիմնական փուլերի իրագործմանը, դաշինքի համար նոր գլոբալ դիրքերի ստեղծմանը, պայմանների ձևավորմանը, որոնք հնարավորություն կտային հակադրվելու Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշմանը` դաշինքի կենսագործունեության հեռանկարների վերաբերյալ։ Իբրև եվրոպական մեծ տանդեմի հակակշիռ ձևավորվեց Կենտրոնական-արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի պետությունների խումբը։ Բուշի վարչակազմի խնդիրներից մեկը Պենտագոնի ծրագրերի և հավակնությունների բավարարումն էր, ամերիկյան վերնախավում տարաձայնությունների ու հակասությունների բացառումը` ռազմական գերատեսչության առջև կանգնած խնդիրների շուրջ։ Բուշի վարչակազմում տեղի էին ունենում հակասական գործընթացներ, պայմանավորված նրանով, որ Պենտագոնի ղեկավարությունը չափազանց քաղաքականացվել էր, և ռազմական պրոբլեմատիկայի շրջանակներում սկսել էր որոշել նաև ընդհանուր ու արտաքին քաղաքականության խնդիրները։ Միևնույն ժամանակ, հենց այդ հանգամանքն էլ դժգոհություն էր առաջացնում գեներալիտետի շրջանում։ Պենտագոնում այնպիսի վարչարարները, ինչպիսիք էին Պոլ Վուլֆովիցը, Դագլաս Ֆեյտը և Ռիչարդ Պերլը, երկարատև հիշողություն թողեցին իրենց մասին զինվորական շրջանակներում։ Բուշի երկրորդ ժամկետը Պենտագոնում, վարչարարության իրականացման առումով, ավելի համարժեք էր ստեղծված իրավիճակին։
Հավանաբար, Բարաք Օբամայի քաղաքականությունը ռազմական գերատեսչության նկատմամբ ժառանգական է և հիմնված Ռոբերտ Գեյթսի աշխատանքային փորձի վրա, երբ Պենտագոնի դիրքը դարձել է ավելի կանխատեսելի և չի պարունակում ավելորդ քաղաքականացում։ Ռոբերտ Գեյթսի և գեներալիտետի դիրքորոշմամբ են պայմանավորված ոչ միայն ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության վերաիմաստավորումը և այդ համատեքստում Պենտագոնի առջև դրված խնդիրները, այլև ռազմական գեոռազմավարության ավելի կարևոր որոշումները։ Խոսքը վերաբերում է «իրաքյան մոդելից» հրաժարվելուն և «բալկանյան մոդելի» կիրառմանը, որը ենթադրում է տարածաշրջանային իրավիճակների վերակառուցում ԱՄՆ-ի շահերին ու անվտանգության խնդիրներին համապատասխան։ Այսպիսով, Բուշի վարչակազմի լայնածավալ փորձարարություններից հետո, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության մոդելները դառնում են Բիլ Քլինթոնի քաղաքականության արտահայտությունը` միաժամանակ օգտագործելով այն ամենը, ինչը վերաիմաստավորված էր Բուշի օրոք։ Տարածաշրջանային քաղաքականության իրականացման այդ երկու մոդելների հատման կետում էլ աճում է Պենտագոնի դերը վերլուծությունների մշակման և քաղաքական որոշումների ձևավորման հարցում։
Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունից ելնելով` Պենտագոնի բյուրոկրատիան և բոլոր քաղաքական ու տնտեսական խմբերը, որոնց շահերն արտահայտում է Պենտագոնը, ավելի են մերձենում ամերիկյան նոր վարչակազմի նպատակներին ու խնդիրներին։ Բուշի վարչակազմի համար դժվար է իրականացնել հետևողական կուրս, որն ուղղված կլիներ արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերի պաշտպանությանն այնպես, ինչպես պատկերացնում էին «դասական հանրապետական արտաքին քաղաքական իզոլյացիոնիզմի» կողմնակիցները։ Հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման հետ կապված խնդիրները հաջողությամբ լուծելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է իրականացնել ուժեղ ճնշում Ռուսաստանի և առաջատար եվրոպական պետությունների վրա։ Այդպիսի ճնշում գործադրելու և քաղաքական առևտրի բեմահարթակ ստեղծելու լավագույն միջոցը ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացն է։ Արևելաեվրոպական պետությունների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, որոնք բացահայտ թշնամությամբ են վերաբերվում Ռուսաստանին, ոչ միայն հակառուսական միավորում է ստեղծում դաշինքի ներսում, այլև հերթական «սանիտարական» արգելապատնեշը Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Պենտագոնը եվրոպական և առաջին հերթին արևելաեվրոպական տարբեր պետությունների հետ իրականացնում է հասկանալի ու հետևողական քաղաքականություն։ Այդ պետությունների շատ քաղաքական գործիչներ ավելի նախընտրելի են համարում գործ ունենալ հենց Պենտագոնի ներկայացուցիչների, քան ամերիկյան դիվանագետների հետ։ Ռազմական համագործակցության ծրագրերը և տարաբնույթ ռազմական օգնությունը, որ իրականացվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում` Պենտագոնի հովանավորությամբ, շատ կարևոր է արևելաեվրոպական պետությունների համար, իսկ առանձին դեպքերում` այդ երկրներում ռազմական ու քաղաքական էլիտաների գոյության հիմնական աղբյուրն է։
Միևնույն ժամանակ, 2008-ի ամռան իրադարձությունները Վրաստանում ցնցակաթվածի էին համարժեք ամերիկյան վարչակազմի համար և, չնայած ԱՄՆ-ը կարողացավ բազմաթիվ օգուտներ քաղել այդ իրադարձություններից, մասնավորապես, այս տարածաշրջանում իր ռազմական ներկայության փաստարկների ամրապնդման առումով, Պենտագոնն ու պետդեպարտամենտն այդ կապակցությամբ, այնուհանդերձ, մեղադրում են մեկը մյուսին։ Պետդեպարտամենտը շտապեց պահանջներ առաջադրել Վրաստանի զինված ուժերի անբավարար պատրաստվածության կապակցությամբ։ Պենտագոնն իր հերթին կասկածում է, թե պետդեպարտամենտն ի վիճակի է ճիշտ ուղղորդել Վրաստանի, իբրև Կովկասում ԱՄՆ-ի գործընկերոջ, քաղաքականությունը։ Այդ իրադարձություններն ամերիկյան վարչակազմի ներսում ավելի մեծ սկանդալի առիթ կդառնային, եթե վարչակազմի գործունեության ժամկետը չմոտենար ավարտին։ Որոշ գնահատականներով` այդ երկու որոշիչ գերատեսչությունները նպատակահարմար համարեցին, որ այս իրավիճակը սկզբունքային նշանակություն չունի։ Վաշինգտոնում հասկացան, որ մտահոգություններն այն կապակցությամբ, թե զինված ուժերն ընդունակ չեն լինի համանման իրավիճակներում կատարել իրենց առջև դրված խնդիրները, արդեն իսկ քաղաքական աջակցություն են Պենտագոնին, որպեսզի վերջինս լրջորեն զբաղվի Սև ծովում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմական օբյեկտների բազավորման խնդիրներով։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ճգնաժամի պայմաններում Պենտագոնը կարևոր, եթե ոչ որոշիչ դեր ունեցավ ՆԱՏՕ-ի ընդլայնման, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Եվրասիայի ներքին տարածաշրջաններում ամերիկյան ռազմական ներկայության ընդարձակման մեջ։ Դա համատեղ գործունեություն էր, որտեղ Պենտագոնն արդյունավետ օգտագործում էր ՆԱՏՕ-ի նշանակությունն ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականության մեջ և օգտվում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից վերահսկվող բյուրոկրատական շրջանակների դերակատարության մեծացումից, ինչպես նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի հետաքրքրության թուլացումից` ՆԱՏՕ-ի հետ կապված։ Եվրոպայում առանձնապես ժողովրդականություն չվայելող ԱՄՆ-ի քաղաքականության խորապատկերի վրա Պենտագոնը կարողացավ ավելի արդյունավետ լուծել արտաքին քաղաքական հարցերը` հենվելով եվրոպական առաջատար և այլ պետությունների զինվորական շրջանակների որոշ շահերի վրա։ Ինչ-որ առումով Պենտագոնը ռազմական դիվանագիտության մեջ ներդրեց նույնպիսի մարտավարություն, ինչպիսին ԱՄՆ-ն օգտագործում էր Ռուսաստանի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումն Արևելյան Եվրոպայում դարձավ ճնշում գործադրելու լծակ Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների վրա։ Պենտագոնի քաղաքական գործունեության մեջ մեծանում է տարածաշրջանային ուղղվածությունը, ինչն իր ազդեցությունն է թողնում ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին քաղաքականության վրա։
Սակայն Պենտագոնի արտաքին քաղաքական գործունեությունը չի սահմանափակվում ՆԱՏՕ-ի բեմահարթակով։ Ընդհակառակը, Պենտագոնը փորձում է իրականացնել նաև այլընտրանքային քաղաքականություն, որն ուղղված է ՆԱՏՕ-ի նշանակության անտեսմանն այն դեպքերում, երբ եվրոպական գործընկերները դժգոհություն են հայտնում ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությունից և այդ շրջանակում ՆԱՏՕ-ի օգտագործումից։ Ամենից առաջ` տարածաշրջանային հիմնախնդիրների կտրվածքով, մասնավորապես Իրաքում, Բալկաններում և այլն։ Պենտագոնը, զարգացնելով ուղիղ հարաբերություններ արևելաեվրոպական երկրների, Թուրքիայի, Հարավային Կովկասի պետությունների և մերձավորարևելյան երկրների հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունն ունի այլընտրանքային հնարավորություններ ռազմական ներկայության, ազդեցության և անվտանգության ապահովման առումով տարբեր տարածաշրջաններում։ Առավել ավարտուն և ցուցադրական օրինակ կարող է լինել Թուրքիան, որը Պենտագոնը դիտարկում է ոչ միայն ՆԱՏՕ-ի գործընկեր, այլև այլընտրանքային ռազմավարական դաշնակից լայն տարածաշրջանում` ներառյալ Մերձավոր Արևելքը, արևելյան միջերկրածովյան, կովկասյան, կենտրոնասիական և բալկանյան տարածաշրջանները։ Թուրքիային ունիվերսալ դեր է վերապահված նաև Եվրոպայում։ Պենտագոնն ընդգծում է Թուրքիայի դերը իբրև հատուկ գործընկերոջ, որպեսզի մեծացնի նրա նշանակությունը Եվրամիության համար։ Հնարավոր է, որ հարաբերությունների այդ մոդելը կտարածվի նաև Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրների մեծամասնության վրա։ Պենտագոնը հանդես է գալիս նաև իբրև Թուրքիայի կարևորագույն լոբբիստ ամերիկյան ներքաղաքական բեմահարթակում, փորձելով չեզոքացնել Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը Կոնգրեսում և ամերիկյան հասարակության մեջ ընդհանրապես։ Պենտագոնը և ԿՀՎ-ն համատեղ կարևոր, եթե ոչ որոշիչ դեր խաղացին հույն-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործում, ինչը շատ էր մտահոգում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը։ Պենտագոնի ներկայացուցիչները հպարտանում են ԿՀՎ-ի և ամերիկյան զինվորականների մասնակցությամբ այդ հարցում։ Նույնիսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների առավել խնդրահարույց փուլերում Պենտագոնը միշտ փորձել է համոզել Կոնգրեսին ու Սպիտակ տանը, որ անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերություններում և փորձել կարգավորել դրանք։ Միաժամանակ, երբ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները մտան նոր, ավելի անհանդուրժողական փուլ, Պենտագոնը չփորձեց գտնել այդ հարցերի լուծումները` գիտակցելով դրանց անլուծելիությունը և առաջարկեց Եվրասիայում ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազավորման այլընտրանքային տարբերակներ։ Այդ հարցում Պենտագոնը նույնիսկ ավելի շտապողական էր և առաջարկեց նորություններ մտցնել գեոռազմավարության մեջ` ներառյալ Սև ծովի ավազանում հնարավոր բազավորումը։ Ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ձևավորվել ԱՄՆ-ի նոր մոտեցումը Թուրքիայի նկատմամբ, և ինչ դեր է ունեցել Պենտագոնն այդ հարցում, թեպետ Թուրքիան հենց նրա հետ է շարունակում մեծ հույսեր կապել։
Կարելի է ենթադրել, որ Պենտագոնը փորձում է իր արտաքին քաղաքականությունն ընդլայնել ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս և ստեղծել նոր, հնարավոր է ոչ պաշտոնական հարաբերություններ մի շարք տարածաշրջաններում որոշիչ դեր ունեցող պետությունների հետ ռազմական ոլորտում։ Թե որոնք են դրա պատճառները, առայժմ ամբողջությամբ պարզ չէ։ Սակայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն դարձել է խոչընդոտ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության իրագործման համար` հատկապես անվտանգության և ամերիկյան ազգային շահերի պաշտպանության առումով։ ՈՒ Պենտագոնն առաջարկել է նոր նախաձեռնություններ այնպիսի պայմանների ձևավորման առումով, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ին այլընտրանք ձևավորելուն։
Բալկանյան իրադարձություններն ԱՄՆ-ն օգտագործեց Եվրոպայում իր ռազմական ներկայության պահպանման և ուժեղացման, ինչպես նաև եվրոպական ֆինանսատնտեսական համակարգի ցնցում հարուցելու համար։ Հանրապետականներն այն ժամանակ ընդդիմության մեջ էին և քննադատում էին Քլինթոնի քաղաքականությունը Բալկաններում ռազմական գործողությունների և դրանցում ամերիկյան զորքերի մասնակցության առումով։ Ավելի ուշ, սակայն, Բուշի հանրապետական վարչակազմը հայտարարեց Բալկաններում ամերիկյան ռազմական ներկայությունը երկարաժամկետ հեռանկարով պահպանելու մասին և ներկայացրեց այն իբրև իր «ստեղծագործական ձեռքբերում»։ Ներկայումս Կոսովոյում ստեղծվել է արտասահմանում ամենախոշոր ամերիկյան բազան, որը ժամանակի ընթացքում նոր ռազմավարական գործառույթներ ձեռք կբերի։ Պենտագոնը կարևոր դեր խաղաց Քլինթոնի վարչակազմի գործունեության ավարտական և Բուշի վարչակազմի աշխատանքի առաջին փուլում։ Պենտագոնը գործնականում ապահովեց սահուն անցում, երբ հանրապետական կուսակցության քննադատական կեցվածքը փոխվեց Բալկաններում ռազմական ներկայության հարցի նկատմամբ։ Ակնհայտ դարձավ, որ Բալկաններում ամերիկյան նախորդ երկու վարչակազմերի փորձն օրինակ կդառնա Սևծովյան-Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում Բարաք Օբամայի քաղաքականության զարգացման համար։
Ներկայումս Պենտագոնը զբաղված է Աֆղանստանում իրականացվող օպերացիայի շրջանակներում ընդգրկելով եվրոպական այն պետությունների բանակային ստորաբաժանումները, որոնք ձգտում են դեպի ՆԱՏՕ։ Դրանով իսկ եվրոպական գործընկերներին ի ցույց է դրվում, որ ԱՄՆ-ն ունի նոր դաշնակիցներ, որոնք կարող են օգտագործվել այդպիսի գործողություններում` ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ շրջանակներից դուրս։ Միաժամանակ դիտարկվում է ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիաների իրականացման հեռանկարը Կովկասյան տարածաշրջանում, Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, Աֆղանստանում ու Քաշմիրում։ Կասկած չկա, որ այդ` առայժմ հիպոթետիկ գործողությունների իրականացումն անհնարին է առանց այդ տարածաշրջանների մի շարք պետությունների մասնակցության և աջակցության։ Այդ կապակցությամբ Պենտագոնը շփումներ է հաստատում տվյալ պետությունների ու զինվորական շրջանակների հետ, հուսով, որ արագ պայմաններ կստեղծվեն պաշտպանական ոլորտում նրանց հետ համագործակցության, նրանց տարածքն ու ներուժն այդ օպերացիաներում օգտագործելու առումով։ Առավելագույն հետաքրքրություն են ներկայացնում այն պետությունները, որոնք ունեն քիչ թե շատ մարտունակ զինված ուժեր։ Կենտրոնական Ասիայում դա ՈՒզբեկստանն է, իսկ Հարավային Կովկասում` Հայաստանը, որոնք կարողացել են հասնել որոշակի հաջողությունների պաշտպանության ամրապնդման ոլորտում` Ռուսաստանի օգնությամբ և Իրանի ու Չինաստանի դրական տրամադրվածության շնորհիվ։ Կասկած չկա, որ Բարաք Օբամայի գաղափարը, թե ռազմական օպերացիաների շեշտադրումն Իրաքից կտեղափոխվի Աֆղանստան, պայմանավորված է Պենտագոնի խիստ ակտիվ քաղաքական մասնակցությամբ, որն էլ մշակել է ապագա տարածաշրջանային պատերազմներում ԱՄՆ-ի առաջնահերթությունները։
ԱՄՆ-ի էքսպանսիան Եվրասիայում, անկասկած, մեծացնում է Պենտագոնի դերը քաղաքական որոշումներում։ Դա պայմանավորում է նաև հարաբերությունների զարգացումը վերոնշյալ երկրների քաղաքական էլիտաների և ԱՄՆ-ի ռազմական վերնախավի միջև։ Եթե այդ պետությունները հետ մնան այդ գործընթացից, դա կհանգեցնի նրան, որ Պենտագոնում կձևավորվեն բացասական դիրքորոշումներ այդ պետությունների նկատմամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ